
Ծանրամարտի ԱԱ․ Գառնիկ Չոլակյանը B ենթախմբում հաղթող դարձավ
22-ամյա հայ ծանրորդ Գառնիկ Չոլակյանը 61 կգ քաշային կարգի B ենթախմբում հաղթող է ճանաչվել Բահրեյնում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում։
Պոկում վարժությունում Չոլակյանը ցույց տվեց 130 կգ արդյունք, իսկ հրում վարժությունում գլխավերևում պահեց 150 կգ կշռող ծանրաձողը։ Չոլակյանը հաղթող ճանաչվեց՝ երկամարտում գրանցելով 280 կգ արդյունք։ Այս քաշային կարգի A ենթախմբում Հայաստանը մասնակից չունի։
Այս տարվա հոկտեմբերին Չոլակյանը Լեհաստանի Ռաշին քաղաքում ծանրամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր դարձավ։ Չոլակյանը զգալիորեն բարելավել է իր մարզավիճակը։ Հոկտեբերին նա ոսկե մեդալակիր դարձավ երկամարտի 255 կգ արդյունքով, հիմա՝ 280 կգ արդյունքով։
Չոլակյանը նաև 2022 թվականի երիտասարդական աշխարհի առաջնության չեմպիոնն է։