Սյունիքի մարզում վերանորոգվել է պատմական Հին Գորիս տանող ճանապարհը
Հոկտեմբերի 30-ին Գորիսում բացվել է Վիենի (Ֆրանսիա) պուրակը, շահագործման են հանձնվել Գորիսի Թումանյան փողոցն ու դեպի պատմական Հին Գորիս տանող ճանապարհը։ Այս մասին հայտնել է Սյունիքի մարզպետարանը։ Ծաղկադրում է կատարվել նաև Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի հիշատակի խաչքարին։
Օրվա ավարտին գորիսեցիներն ու քաղաքի հյուրերը նորոգ ճանապարհով հասան Հին Գորիս, որտեղ կազմակերպվել էր հյուրասիրություն, տեղական արտադրանքի ցուցահանդես, համերգային ծրագիր։ Տաղավարներում համայնքին պատկանող գյուղերը ունեցել են իրենց տաղավարները, որտեղ ներկայացրել են ավանդական ճաշատեսակներ և ձեռագործ արտադրանքներ։ Համերգային ծրագրի շրջանակներում լուսավորվել են Հին Գորիսի քարանձավները։
Ճանապարհների վերանորոգման երկու ծրագրերով համայնքին հատկացվել է 587 մլն 373 հազար դրամ, որից պետական ֆինանսավորումը կազմում է 365 մլն 431 հազար դրամ։ Ֆինանսավորման մյուս մասը համայնքն է իր վրա վերցրել։
Միջոցառումներին ներկա են եղել Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի պատվիրակությունը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը, մարզպետը և աշխատակազմի այլ անդամներ, Սյունիքի համայնքների, մարզի ուժային կառույցների ղեկավարները և այլք։