
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կոչ է անում բոյկոտել տրանսպորտի թանկացումը
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կոչ է արել բոյկոտել տրանսպորտի թանկացումը՝ շարունակելով վճարել 100 դրամ։
Հայկ Մարությանն ու ներկայիս քաղաքապետ Տիգրան Ավինյանը տրանսպորտի թանկացման դեմ բանավիճում էին։ Մարությանը դեմ չէ փաթեթների ներդրմանը, սակայն մեկանգամյա ուղևորությունը 100 դրամից թանկ դարձնելը ընդունելի չի համարում։ Տիգրան Ավինյանը, ի պատասխան, նշում է, որ տրանսպորտից ավելի շատ օգտվողների համար այն ավելի էժան կլինի, ավելի քիչ օգտվողների համար՝ թանկ։
Մարությանը այս անգամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից պահանջում է «հրաժարվել տրանսպորտի անհիմն թանկացումից և պահպանել 1 ուղևորության համար մինչև 100 դրամ սակագինը»։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ բանավեճի ժամանակ հայտարարել էր, որ հունվարի մեկից քաղաքում ուղեվարձի միջին արժեքը կկազմի 144 դրամ։
«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը պահանջում է առկախել տրանսպորտի թանկացման որոշումը և պատվիրել մասնագիտական անկախ փորձաքննություն։ «Հայաքվեի» հայտարարության մեջ նշված է, որ «Երևանի քաղաքային իշխանություններից պահանջում ենք առկախել այդ վիճելի որոշման կիրարկումը առնվազն մեկ տարով և պատվիրել մասնագիտական անկախ փորձաքննություն՝ ստեղծված իրավիճակը խորքային վերլուծելու և տնտեսապես ու սոցիալապես հիմնավորված լուծումներ առաջադրելու նպատակով»։
Հունվարի 1-ից նախատեսվում է ներդնել միասնական տոմսային համակարգ։ Ըստ Երևանի քաղաքապետարանի՝ 30 օրվա տոմսային փաթեթը կարժենա 8,800 դրամ, 90 օրվանը՝ 23,600 դրամ, մեկ տարվանը՝ 88,000 դրամ: Երևանում հունվարի 1-ից մեկանգամյա տոմսի արժեքը կլինի 300 դրամ։ Զեղչեր կգործեն թոշակառուների, դպրոցականների, ուսանողների և նպաստառուների համար։
Երևանի քաղաքային տրանսպորտից անվճար կօգտվեն մինչև 7 տարեկանները, ծնողազուրկ դպրոցականներն ու ուսանողները, հաշմանդամություն ունեցող անձինք (1-ին կամ 2-րդ խմբի), մանկատներում կամ ծերանոցներում գտնվող անձինք, նախկին ԽՍՀՄ, Սոցիալիստական աշխատանքի հերոսները, Հայաստանի ազգային հերոսները, Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի և Փառքի երեք աստիճանի շքանշաններով պարգևատրվածները և բազմազավակ ընտանիքների ծնողները: