
Դատարանի կողմից անվավեր ճանաչված «կարմիր գծերի» որոշումը հաստատվեց ավագանու նիստում
Օրեր առաջ նշել էինք, որ ավտոկայանատեղիներում կայանելու դրույքաչափերի որոշումը անվավեր է ճանաչվել Վարչական դատարանի որոշմամբ։ Երևանի ավագանու կողմից ընդունված դրույքաչափերը հունվարի 1-ից ուժի մեջ էին մտել։
Երևանի ավագանու իշխող խմբակցությունն այսօր քննարկման դրեց նույն հարցը ավագանու նիստին ու հաստատեց։ Ավագանու գրանցված 53 անդամներից 32-ը կողմ քվերակեցին, դեմ չկար, ավագանու մեկ անդամ ձեռնպահ քվեարկեց: Քվորում չէր ապահովվի, եթե մեկ անդամ չլիներ։
«Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտեցին։ Նրանք նշեցին, որ «կարմիր գծերի» թանկացումը դատարանն է իր որոշմամբ փաստել, որ իրավաչափ չէ։
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ի պատասխան, նշեց, որ որոշումն օրինական ուժի մեջ դեռ չի մտել։ Կա բողոքարկելու ժամանակ։
Նախորդ տարի Երևանի ավագանին ընդունել էր ավտոկայանատեղիների համար նոր դրույքաչափեր։ Փոքր կենտրոնում «կարմիր գծերը» մեկ տարվա համար 12,000 դրամից դարձել է 160,000 դրամ։
Փոքր կենտրոնից դուրս տարեկան այդ գումարը կազմում է 24,000 դրամ: