ՀայաստանՔաղաքականություն

Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը կուսակցություն են հիմնում

«Քաղաքացիական պայմանագրից» հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը կուսակցություն են հիմնում։ Ինչպես հայտնել է Աղազարյանը իր ֆեյսբուքյան էջում՝ նոր կուսակցությունը կոչվելու է ՄԱՍԿ՝ «Միացյալ ազգային սոցիալիտական կուսակցություն»։ Նրանք 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին կպայքարեն իշխանության համար:

Աղազարյանը նշել է նաև, որ կուսակցությամբ հետաքրքրված են նախկին ՔՊ-ական մի շարք պատգամավորներ։ Կուսակցության հիմնադիր համագումարը նախատեսված է անցկացնել 2025 թվականի փետրվարի 3-ին։

Նորաստեղծ կուսակցությունը նախատեսում է նոր շունչ հաղորդել կոռուպցիայի դեմ պայքարին և աշխատել սփյուռքի համախմբման ուղղությամբ՝ առաջարկելով, օրինակ, երկպալատանի խորհրդարանական համակարգի ներդրում Հայաստանում։

Դեկտեմբերի 3-ին Աղազարյանը հեռացվել է ՔՊ-ից։ Որպես պատճառ նշվել են պետական և կուսակցական գաղտնի տեղեկատվության արտահոսքերը, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումները։