ՀայաստանՄշակույթ

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը

Հայ առաքելական եկեղեցին այսօր՝ հունվարի 6-ին, նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը: Այն Հիսուսի ծննդյան և մկրտության հիշատակումն է: Սուրբ Ծնունդը հայ առաքելական եկեղեցու առաջին տաղավար տոնն է:

Տոնի առթիվ մարդիկ միմյանց ողջունում են հետևյալ խոսքերով. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ», որի պատասխանն է` «Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի, մեզ և ձեզ մեծ ավետիս»: Հայ առաքելական եկեղեցին այս օրը կարևորում է երկու խորհուրդ։ Առաջինը Քրիստոսի ծնունդն է, որ Աստված հայտնվեց, և երկրորդը՝ Քրիստոսի մկրտությունը՝ ջրօրհնեքի կարգը։ Ըստ հայ առաքելական եկեղեցու՝ ծննդից 30 տարի հետո Քրիստոսը նույն օրը՝ հունվարի 6-ին, մկրտվեց Հորդանան գետում: 

Սուրբ Ծննդյան ուտեստների մեջ մեծ կարևորություն ունեն չորացրած մրգերից և ընկուզեղենից պատրաստված կերակուրները: Ավանդույթի համաձայն՝ տոնական սեղանին մատուցվում է բրնձով և չամիչով փլավ։ Տոնի գլխավոր կերակրատեսակը ձուկն է։

Սուրբ Ծննդյանը հաջորդում է հանգուցյալների հիշատակության օրը` Մեռելոցը: Հունվարի 7-ին Սուրբ Պատարագից հետո բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմները: