ՀայաստանՏնտեսություն

ԱՄԷ ներդրողներից մեկը մտադիր է Հայաստանում հիմնել նավթավերամշակման գործարան

ԱՄԷ ներդրողներից մեկը մտադիր է Հայաստանում հիմնել նավթավերամշակման գործարան։ Այն նախատեսվում է կառուցել Իրանի հետ սահմանին։ Ներդրումային առաջարկը ներկայացվել է «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումային աջակցության կենտրոն, ինչը նպաստում է ծրագրի արագ իրականացմանը։

Հայ-իրանական սահմանին նավթավերամշակման գործարան կառուցելու նախագիծը մշակվել է դեռ Խորհրդային Միության օրոք և մասնավորապես 1960-ական թվականներին այն բերվել էր Մոսկվայի ու Թեհրանի օրակարգ, նույնիսկ սկսվել էին որոշակի հետազոտական աշխատանքներ։ Սակայն այդ ժամանակահատվածում և իսլամական հեղափոխությունից առաջ Իրանը, հատկապես նավթի մատակարարումների մասով, առավելապես կախված էր ԱՄՆ-ից։ Հետևաբար, Իրանը որոշեց հետ կանգնել այդ նախաձեռնությունից և խորացնել հարաբերությունները Վաշինգտոնի հետ։

Խորհրդային Միության փլուզումից հետո, արդեն նոր իրողությունների պայմաններում, երբ Հայաստանում հաջողվեց հաղթահարել էներգետիկ ճգնաժամը, 2000-ականների սկզբին նորից գրեթե նույն տրամաբանությամբ օրակարգ բերվեց հիշյալ նախագիծը, սակայն այն դեռ կյանքի չի կոչվել։

Նավթավերամշակման գործարան կառուցելու նախադեպ եղել է նաև 2015 թվականին Եղվարդում։ «Արմօյլ» ՓԲԸ-ն սկսել էր գործարանի կառուցումը։ Նատի թաղամասում ապրողները դժգոհություն էին հայտնել կառուցվող գործարանից՝ պնդելով, որ նավթավերամշակման գործարանը վտանգելու է իրենց կյանքն ու առողջությունը: Բնակիչները պահանջում էին դադարեցնել գործարանի կառուցումը, որը գտնվում էր անմիջապես բնակելի տների և պտղատու այգիների կողքին:

2021 թվականի հուլիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվեց միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը պետք է ուսումնասիրեր «Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերության տնտեսական գործունեության հետ կապված խնդիրը։ «Արմօյլ» ՓԲԸ-ն 2021 թվականի օգոստոսին Շրջակա միջավայրի նախարարությանն էր ներկայացրել բիտումի և քսայուղերի գործարանի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նախագիծ։ Փորձաքննական կենտրոնի կողմից դրական եզրակացություն ստանալու դեպքում գործարանն արդեն իրավական հիմքեր կստանա արտադրություն սկսելու համար։