
Կառավարությունը հրապարակել է 2024-2040 թթ. ժողովրդագրական ռազմավարության ծրագիրը հաստատելու մասին նախագիծը
Կառավարությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ. ռազմավարության գործողությունների ծրագիրը հաստատելու մասին նախագիծ։
Նախագիծը միտված է սահմանելու ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռազմավարական նպատակների իրականացման կոնկրետ գործողությունները։ Այն բխում է ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 17-ի N 1641-Լ որոշմամբ հաստատված ժողովրդագրական ռազմավարությունից։
Արդեն տեղեկացրել էինք, որ Հայաստանը մշակել է 2024–2040 թվականների ժողովրդագրական լայնածավալ ռազմավարություն՝ 6,7 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ։ Այն իր մեջ ներառում է 190 ծրագիր։ Ակնկալվում է, որ ռազմավարության արդյունքում Հայաստանը կունենա 44 միլիարդ դոլարի տնտեսական եկամուտ երկու տասնամյակի ընթացքում՝ ի լրումն բնակչության կառուցվածքի և մարդկային կապիտալի բարելավմանը:
Ծրագիրը մշակել են հայ փորձագետները՝ ՄԱԿ-ի աջակցությամբ։ Այն նախատեսում է բնակչության ավելի հավասարակշռված կառուցվածք, մարդկային կապիտալի երկարաժամկետ զարգացում և կյանքի ավելի լավ որակ: Խոսքը ոչ միայն ծնունդների և մահերի թվի վրա կենտրոնանալու, այլ նաև մարդկային կապիտալի զարգացման մասին է:
Նախագծի իրականացումը չի պահանջում լրացուցիչ ֆինանսական միջոցներ, իսկ ծախսերը կատարվելու են պետական բյուջեի և օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին։
Ծրագիրը համահունչ է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի նպատակներին և «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ծրագրի ժողովրդագրական խնդիրների լուծման ուղղություններին։