
Կառավարությունը փետրվարի 1-ից ֆինանսական օգնություն կտրամադրի անհուսալի վարկառուներին
Անհուսալի վարկեր ունեցող անձանց ոչ ֆորմալ զբաղվածությունից դուրս բերելու և նրանց տնտեսական ակտիվությունը վերականգնելու նպատակով 2025 թվականի փետրվարի 1-ից պետությունը ծրագիր կգործարկի: Սրա մասին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեսանյութ է հրապարակել։
Եթե քաղաքացին ունի վարկային պարտավորություններ, և բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի, ապա պետությունը պատրաստ է աջակցել՝ աշխատավարձից գոյացող եկամտահարկն ուղղելով վարկի մարմանը: Ծրագրին դիմելու համար պարտադիր պայման է ունենալ գրանցված աշխատանք: Աջակցության չափը կկազմի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով և կուղղվի շահառու անհուսալի վարկային պարտավորության մարմանը:
Ֆինանսական աջակցություն կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ժամկետով՝ սկսած շահառու դառնալու հաջորդ ամսվա 1-ից:
Կենտրոնական բանկի տեղեկատվության համաձայն՝ 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձ վարկառուների թիվը կազմում է շուրջ 341,000։ Վերջիններիս ընդհանուր վարկային բեռը կազմում է շուրջ 642 մլրդ դրամ (2023 թվականի ապրիլ ամսին կազմել էր 525 մլրդ)։ Ընդ որում, նրանց մինչև 20%-ն է, որն ունի ֆորմալ զբաղվածություն, մնացածը կամ չունեն աշխատանք կամ գտնվում են ոչ ֆորմալ զբաղվածության մեջ։ Նրանց 76%-ի աշխատավարձը ամսական 150,000 դրամից ցածր է, իսկ 60%-ինը՝ նվազագույն աշխատավարձից ցածր, իսկ միջին աշխատավարձը՝ շուրջ 145,000։
Անհուսալի վարկառուների մեծ մասը գտնվում է ոչ ֆորմալ զբաղվածության մեջ, իսկ նրանց մի մասն էլ, որպես անապահով ընտանիք, հաշվառված է Անապահովության գնահատման համակարգում և պետությունից ստանում է նպաստ։ 341 հազար անձանց պարտքը կազմում է մոտ 642 մլրդ դրամ (ավելի քան 1,6 մլրդ դոլար)։