ՀայաստանՏնտեսություն

Այս տարի արտոնյալ պայմաններով Հայաստան կներկրվի 8000 էլեկտրամոբիլ․ ի՞նչ է սա նշանակում

2025 թվականին արտոնյալ պայմաններով Հայաստան կներկրվի 8000 էլեկտրամոբիլ։ Նշված քվոտայի բաշխումն իրականացվելու է նոր սկզբունքով։ Մանրամասները ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարության առևտրի և ինտեգրացիայի վարչության պետ Էմմա Մովսիսյանը:

Նա նշել է, որ էլեկտրական շարժիչներով ավտոմեքենաների պարագայում ներկրման սակագնային արտոնությունը գործում է արդեն մի քանի տարի, սակայն Եվրասիական տնտեսական միության համապատասխան իրավական ակտերի համաձայն՝ այդ կարգով Հայաստան ներմուծվող մեքենաների քանակը չի կարող գերազանցել 8 հազարը։

Այսինքն՝ Հայաստան ներկրած առաջին 8 հազար էլեկտրական ավտոմեքենաների տերերը չեն վճարի ներկրման համար սահմանված մաքսատուրք և ավելացված արժեքի հարկ: Ֆիզիկական և իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերն այս տարի արտոնյալ պայմաններով կարող են ներկրել ընդհանուր առմամբ 5 հազար, իսկ դիլերական, դիստրիբյուտորական պայմանագրեր ունեցող տնտեսվարող սուբյեկտները՝ 3 հազար այդպիսի ավտոմեքենա:

Ըստ վարչության պետի՝ էլեկտրամոբիլներ Հայաստան են ներկրվում գերազանցապես Արաբական Միացյալ Էմիրություններից, ԱՄՆ-ից և Չինաստանից: Զգալի թիվ են կազմում չինական արտադրության մեքենաները: Հիմնականում գերիշխում են 2022-24 թվականների արտադրության ավտոմեքենաները, որոնք ունենալով համեմատաբար թարմ մարտկոցներ՝ ենթակա են ավելի երկար շահագործման: