
2024 թվականին դադարեցվել է 120 բենզալցակայանի, գազալցակայանի և հեղուկ վառելիքի պահեստարանի գործունեություն
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը 2024 թվականին կատարած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ Հայաստանի ողջ տարածքում նախորդ տարի խախտումներով գործող 120 բենզալցակայանի, գազալցակայանի և հեղուկ վառելիքի պահեստարանի գործունեություն դադարեցվել է։
Ղեկավարը հայտնել է, որ դրանցից 27-ը ապամոնտաժվել են, քանի որ կառուցված են եղել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա։ 2023-2024 թթ․ ընթացքում շուրջ 230 օբյեկտի գործունեություն է դադարեցվել, որոնցից 60-ն է ապամոնտաժվել։
Ապամոնտաժման հիմնական պատճառները արտադրական վտանգավոր օբյեկտներում վերգետնյա ռեզերվուարներն (հեղուկի պահեստարան) են, ինչը բնակավայրերի վարչական տարածքներում օրենքով արգելված է։ Բացի դրանից՝ գազալցակայաններն ու բենզալցակայանները կառուցված են լինում բազմաբնակարան շենքերի, դպրոցների և այլ նմանատիպ շինությունների անմիջական հարևանությամբ։ Շանթարգելման համակարգերի, հրշեջ-հիդրանտների բացակայությունը նույնպես կարող է պատճառ դառնալ օբյեկտի գործունեության դադարեցման կամ կասեցման։
Ղեկավարը հավելել է, որ Հայաստանում գործող առևտրի խոշոր օբյեկտներում տեխնիկական և հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող խախտումների ավելի քան 95%-ը վերացված է՝ նշելով, որ տեխնիկական և հրդեհային անվտանգության ոլորտում տեսչական մարմինը 2300-ից ավելի ստուգում և հետազոտություն է իրականացրել։ Հայտնաբերվել է ավելի քան 4500 խախտում։