ՀայաստանՌազմական

ՊՆ-ն նախորդ տարի ավելի քան 170 մլրդ դրամի պայմանագիր է կնքել տեղական պաշտպանական արդյունաբերությունների հետ

Անցյալ տարի Հայաստանի պաշտպանության նախարարությունը ավելի քան 170 մլրդ դրամի (մոտ 430 մլն դոլար) պայմանագրեր է կնքել տեղական պաշտպանական արդյունաբերության ընկերությունների հետ: Սրա մասին նշել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հունվարի 9-ին ամփոփիչ մամուլի ասուլիսում։

Հայրապետյանը հայտնել է, որ ընդամենը 5 տարի առաջ ընկերությունները չէին կարող ապահովել այս ծավալի նույնիսկ 20 տոկոսը և տեխնոլոգիական լուծումները։ Ըստ նրա՝ ոլորտն աճում է, և դրական դինամիկա կա։

Հայրապետյանը զեկուցել է նաև, որ 2024 թվականին 2023-ի համեմատ Հայաստանի պետական ծախսերը պաշտպանական նոր տեխնոլոգիաների մշակումների և գիտահետազոտական աշխատանքների մասով 1,1 մլրդից հասել են մինչև 1,45 մլրդ դրամ։

Նախարարն անդրադարձել էր նաև ռազմարդյունաբերական համալիրների ընկերությունների ֆինանսական վիճակի հարցին՝ նշելով, որ նախորդ տարի նրանց հաջողվել է ոչ միայն մարել առկա պարտքերը, այլև դառնալ եկամտաբեր։