
Ավտոբուսներում և տրոլեյբուսներում երկրորդ վալիդատորներն են տեղադրվել
Երևանի MAN մակնիշի ավտոբուսներում և տրոլեյբուսներում արդեն կարելի է նկատել երկրորդ վալիդատորների առկայությունը։ Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը հայտնել է, որ հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում առաջիկայում կտեղադրվի երկրորդ վալիդատորը:
Հանրային տրանսպորտում ծանրաբեռնվածությունը որոշակի ժամերին բավականին բարձր է, և այս ուղղությամբ մենք շարունակաբար պետք է աշխատենք, որպեսզի նման իրավիճակ չունենանք: Այդ աշխատանքներով պայմանավորված՝ արդեն իսկ հայտնել ենք, որ երկրորդ վալիդատորներ տեղադրվելու են: Պահեստային առկա թվաքանակը արդեն օգտագործվել է, դրանք տեղադրվել են MAN մակնիշի ավտոբուսներում և տրոլեյբուսներում: Իսկ արդեն փետրվար, մարտ ամիսներին նախատեսում ենք տեղադրման աշխատանքները շարունակել, քանի որ արդեն նոր վալիդատորների պատվերը իրականացված է:
12 մետրանոց MAN ավտոբուսները կարող են տեղափոխել 25 նստած և 80 կանգնած ուղևոր: Շարժակազմերն ունեն օդափոխության և տաքացման համակարգեր:
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարի 1-ից հանրային տրանսպորտում մետաղադրամ ընդունող սարքերի աշխատանքը դադարեցվել է։ Մինչև փետրվարի 1-ը ամբողջությամբ անցում կկատարվի միասնական տոմսային համակարգին։