ՀայաստանՏնտեսություն

Կառավարությունը 2025 թվականին նախատեսում է գյուղատնտեսության վրա ծախսել 42-43 մլրդ դրամ

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ամփոփելով 2024 թվականին գերատեսչության կատարած աշխատանքները, մամուլի ասուլիսում նշել է, որ կառավարությունը 2025 թվականին նախատեսում է գյուղատնտեսության ոլորտի վրա ծախսել 42-43 մլրդ դրամ:

Նախարարը իր խոսքում նշել է, որ անասնաբուծության մեջ 2024-ի առաջին 9 ամիսների դրությամբ արձանագրվել է 1.5 տոկոս աճ, բուսաբուծության մեջ՝ 7.6 տոկոս աճ: Պապոյանը կարծում է, որ այս գործընթացում մեծ դերակատարում ունի պետությունը՝ հավելելով, որ 2021 թվականին պետությունը գյուղատնտեսության վրա ծախսում էր մոտ 21 մլրդ դրամ, ապա արդեն 2023, 2024 և 2025թթ այս ցուցանիշը կրկնապատկվել է: Ավելի քան 40 մլրդ դրամ եղել է 2023-ին, 2024-ին՝ կրկին 40 մլրդ դրամ: Նախատեսում են 42-43 մլրդ դրամ ծախսել գյուղատնտեսության վրա 2025 թվականին։

Նախարարը կարծում է, որ պետությունը պիտի էքստենսիվ գյուղատնտեսությունը չդիտարկի որպես զարգացման հիմնական միջոց և պետք է կենտրոնանալ ինտենսիվ գյուղատնտեսության վրա։ Ըստ Պապոյանի՝ Հայաստանի նման պետությունը, որն ունի սահմանափակ հողային, նաև ջրային ռեսուրսներ, պետք է կենտրոնանա սահմանափակ ռեսուրսներով ինտենսիվ գյուղատնտեսության վրա։