ՀայաստանՍոցիալական

Հունվարի 14-ից հնարավոր կլինի ձեռք բերել միասնական տոմսային համակարգի տրանսպորտային քարտեր

Երևանի քաղաքապետարանի հունվարի 13-ի գործակարգավարական նիստում հայտնի է դարձել, որ միասնական տոմսային համակարգի տրանսպորտային քարտերը հունվարի 14-ից հնարավոր կլինի գնել նաև մետրոպոլիտենի դրամարկղերից։ Ձեռք բերված քարտերը հնարավոր է ակտիվացնել transport.yerevan.am կայքում։ Արտոնյալ խմբի քաղաքացիները կարող են մոտենալ թաղապետարաններ կամ TellCell ընկերության գրասենյակներ՝ նույնականացման գործընթացն անցնելու համար։

Միասնական տոմսային համակարգի վճարման եղանակները չորսը կլինեն՝ տրանսպորտային քարտով, QR կոդով, բջջային հավելվածի միջոցով և բանկային քարտով։

Տրանսպորտային քարտեր հնարավոր է ձեռք բերել մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից (կից դրամարկղերին), մետրոպոլիտենի դրամարկղերից (աշխատակցի օգնությամբ՝ ժամը 11:00-16:00 և 20:00-23:00), Հանրապետության և Ֆրանսիայի հրապարակներում գործող քաղաքապետարանի տեղեկատվական աջակցման կենտրոններից։

Ձեռք բերված քարտերը կարելի է ակտիվացնել՝ այցելելով transport.yerevan.am կայքը, QR կոդով, բջջային հավելվածի միջոցով (հնարավոր է օգտագործել TellCell Wallet համակարգը) և բանկային քարտով։ Հայկական բանկային քարտերը կարող են օգտագործվել NFC համակարգով։ American Express և МИР քարտերը չեն սպասարկվում։

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից Երևանում կգործարկվի միասնական տոմսային համակարգ։ Ըստ ընդունված նախագծի՝ մեկ ուղևորության արժեքը կկազմի 300 դրամ։ Քաղաքապետարանը առաջարկում է նաև փաթեթներ․ մինչև 7 տարեկան երեխաները, ծնողազուրկ դպրոցականներն ու ուսանողները, հաշմանդամության առաջին կամ երկրորդ կարգ ունեցողները, հերոսները, 4 և ավելի երեխաներ ունեցողներն ու պետական խնամքի տակ գտնվողները հանրային տրանսպորտից կօգտվեն անվճար։ Մյուս դեպքերում գործելու է որոշակի զեղչային փաթեթ․ դպրոցականները ստանալու են 20 % զեղչ (քարտային տարբերակով ամսական ձեռք բերելու դեպքում՝ 7040 դրամ), թոշակառուները՝ 30 % (6160 դրամ), ուսանողները՝ 15 % (7480 դրամ), նպաստառուները՝ 20 % (7040 դրամ)։