
Գյումրու «Երեխաների տուն» կազմակերպության նախկին բուժքույրն ու դայակը ֆիզիկական բռնության են ենթարկել երեխաներին
Դատախազը 2025 թվականի հունվարի 3-ին հաստատել է Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին բուժքույր Ն.Մ.-ի և դայակ Ռ․Հ․-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան: Քրեական վարույթով պարզվել է, որ բուժքույր Ն.Մ.-ն և դայակ Ռ․Հ․-ն, օգտվելով այն հանգամանքից, որ ՊՈԱԿ-ի շահառուներն իրենց անօգնական վիճակի՝ հիվանդության, հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների, տարիքի, ֆիզիկապես թույլ լինելու և այլ պատճառներով չեն կարող պաշտպանել իրենց շահերը, 2024 թվականի ընթացքում՝ իրենց հերթափոխի ժամանակ, պարբերաբար, հարվածներ են հասցրել և բռնի այլ գործողություններ են կատարել երեխաների նկատմամբ:
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 17-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ռ․Հ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով՝ անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելու մեղադրանքով (3 դրվագ), և Ն․Մ.-ի նկատմամբ՝ նույն հոդվածով, բայց 4 դրվագով:
2025 թվականի հունվարի 3-ին Ռ.Մ.-ի և Ն.Մ.-ի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնվել է իրավասու դատարան:
Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի տնօրենը հայտնել է, որ մանկահասակ երեխաների նկատմամբ դայակը և բուժքույրը դաժան վերաբերմունք են ցուցաբերել։ 2024 թվականի մարտի 7-ից մինչև մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում, բուժքույրը՝ նաև օգոստոսի 11-ին, 7-10 տարեկան երեխաների նկատմամբ, ովքեր ունեն «Ռուբենշտեյն Թեյբի համախտանիշ» և «Դաունի համախտանիշ», դրսևորել են հանցավոր վարքագիծ՝ քաշքշելով և ծեծլով նրանց։ Բուժքրոջ և դայակի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանք և բացակայելու արգելք: