
Քրեակատարողական հիմնարկները նոր հեռախոսներ են ստացել
Արդարադատության նախարարության հաղորդմամբ՝ 10 քրեակատարողական հիմնարկներում ձեռք են բերվել և տեղադրվել են նոր, հակավանդալային, անհատական քարտային համակարգով աշխատող հեռախոսներ։
Նոր համակարգը նախատեսում է ապահովել անվճար զանգեր հատուկ կարևորության հեռախոսահամարների՝ Մարդու իրավունքների պաշտպանի, Արդարադատության և Առողջապահության նախարարությունների, Քրեակատարողական ծառայության և այլ կառույցների թեժ գծերի համար։ Բացի այդ, ազատազրկված անձանց տրամադրվում է ամսական 20 րոպե անվճար խոսելու հնարավորություն Հայաստանի ֆիքսված և բջջային ցանցերի համար՝ պետական միջոցների հաշվին։
Անվճար րոպեների սպառումից հետո զանգերի համար սահմանվել է նոր, էականորեն իջեցված սակագին՝ 1 րոպեն 8.91 դրամ՝ նախկին 18-35 դրամի փոխարեն։
Նախարարությունից հայտնում են, որ ծրագիրն արդեն մոտենում է իր ավարտական փուլին։
Օրեր առաջ Արդարադատության նախարարությունից հայտնել էին նաև, որ մեկ այլ փոփոխություն էլ է արվել քրեակատարողական հիմնարկներում։ Այժմ բանտարկյալները կարող են լոգարանից օգտվել շաբաթական 2 անգամ՝ նախկին 1 անգամվա փոխարեն։