
Ռուսաստանից զգուշացնում են, որ ԵՄ-ին միանալը կփակի շուկան ԵԱՏՄ-ի հետ
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը կհանգեցնի Երևանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալուն և երկրի համար ԵԱՏՄ շուկայի փակմանը։
Նա նաև նշել է, որ Հայաստանի համար ԵՄ-ի հետ ներմուծման մաքսային դրույքաչափերի զրոյացումն ինքնաբերաբար կնշանակի վերադարձ ԵԱՏՄ-ի հետ մաքսային սակագներին։ Օվերչուկը նաև նշել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը երկար է լինելու և կոչ է արել սպասել այս հարցով Հայաստանի խորհրդարանում լսումների արդյունքներին։
ՌԴ փոխվարչապետը, անդրադառնալով նաև ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի տնտեսական ցուցանիշներին, նշել է, որ Եվրասիական տնտեսական միության երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճում է, իսկ Երևանի առևտուրը Եվրամիության հետ՝ նվազում։
Մենք արդեն անդրադարձել էինք երկու միջազգային կառույցների հետ Հայաստանի առևտրաշրջանառությանն ու տնտեսական կապերին։ Տեսնում ենք, որ Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է ԵԱՏՄ-ից, ավելի քանի 7 անգամ ավելի շատ է առևտրաշրջանառություն եղել ԵԱՏՄ անդամ երկրների հետ, քան ԵՄ-ի։ ԱՊՀ երկրների հետ առևտուրն աճել է 66․91%-ով և կազմել 12․05 մլրդ դոլար, որից ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է 11․9 մլրդ դոլար, աճ՝ 68․25%։ ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը նվազել է 14․09%-ով և կազմել 2․1 մլրդ դոլար։