
Անհետ կորած զինծառայողների հարազատներն ու պաշտոնյաները հանդիպել են ԱԺ-ում
Հունվարի 30-ին ԱԺ-ում տեղի է ունեցել 2020 թվականի 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատների և պետական տարբեր գերատեսչությունների ղեկավարների փակ հանդիպումը: Քննարկմանը մասնակցել են շուրջ 16 ծնողներ։ Օթյակներից նրանց հետևելու հնարավորություն են ունեցել շուրջ 70 հարազատներ։ Հանդիպմանը ներկա են եղել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, ՊՆ նախարարի տեղակալ Արման Սարգսյանը և այլք։ Հանդիպման մանրամասները հայտնի չեն։ 5 ժամ տևած հանդիպումից հետո Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ մեկ ամիս հետո կրկին հանդիպում է սպասվում՝ արդեն որոշ հարցեր լուծած։
Ես կարծում եմ, որ մենք անելիք ունենք անելու։ Եթե կարելի է մեկ ճակատագիր փրկել, ուրեմն պետք է ամեն ինչ դրվի այդ ճակատագիրը փրկելու համար։ Այս 5 ժամվա ընթացքում հարցեր են հնչել, պատասխան տվողներն էլ ներկա են եղել։ Ինչքանով այն բավարարեց, թե ոչ, դա ցույց կտա հետագա մեր պլանավորված աշխատանքը, — հայտարարել է Անդրանիկ Քոչարյանը։
Հիշեցնենք, որ անհետ կորած զինծառայողների ծնողները դեկտեմբերի 27-ին փակել էին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հետ։ Նրանց միջև հանդիպում տեղի էր ունեցել, որին մասնակցել էր նաև Ալեն Սիմոնյանը՝ խոստանալով, որ անհետ կորած զինծառայողների հարցը կքննարկվի նաև ԱԺ-ում։ Ծնողներին հիմնականում հետաքրքրել են 4 տարիների ընթացքում անհետ կորած զինծառայողների հայտնաբերելուն ուղղված աշխատանքները։ Սական որոշ ծնողներ էլ հայտարարել են, որ իրենք չեն հավատում իրենց ներկայացված ԴՆԹ թեստերի արդյունքներին և պահանջել են կրկին ստուգումներ անցկացնել։