ՀայաստանՏնտեսություն

Հայտարարագրերի լրացման ժամկետը երկարացվեց մինչև նոյեմբերի 1-ը

Հայաստանում հայտարարագրերի լրացման ժամկետը երկարացվեց մինչև նոյեմբերի 1-ը։ Սրա մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ ID-ի հետ կապված հերթը մինչև հունիս ամիսն է։ Դրանով պայմանավորված, ըստ Փաշինյանի, հայտարարագրման ժամկետը բոլորի համար կսահմանվի նոյեմբերի 1-ը։

Հիշեցնենք` վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է հայտարարագիր ներկայացնեին մինչև մայիսի 1-ը։

Ավելի վաղ Հայաստաննի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ մինչև 300 հազար դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չեն՝ նշելով, որ 300 հազար դրամի շեմը վերաբերում է յուրաքանչյուր գործարքի շեմին, ոչ թե նմանատիպ գործարքների հանրագումարին։

Եթե քաղաքացին որևէ մեկին տվել է պարտքով գումար, ապա վերադարձվող պարտքի գումարը չի համարվում եկամուտ և ենթակա չէ հայտարարագրման։ Բացի այդ, եթե քաղաքացին հաշվեհամարին կամ քարտին վճարային տերմինալից անձամբ կատարել է փոխանցում, ապա դա չի համարվում եկամուտ և չպետք է ներառի հայտարարագրում։

Եթե 2024 թվականի ընթացքում արտերկրից քաղաքացուն որպես նվիրատվություն կատարվել են փոխանցումներ, ապա այդ գումարների վերաբերյալ տեղեկությունը ևս պետք է ներառել հայտարարագրում, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա չեն։ Տարբեր առիթներին ստացված դրամական նվերների վերաբերյալ տեղեկությունը ևս պետք է ներառվեն հայտարարագրում, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա չեն։