
Համահայկական ձմեռային խաղերում հայտնի են լեռնադահուկի մրցաշարի լավագույնները
Հայաստանի Ջերմուկ քաղաքում Համահայկական երկրորդ ձմեռային խաղերն են։ 39 մարզիկ մեկնարկել է լեռնադահուկի մրցաշարը, որն անցկացվում է Արագածոտնի մարզի «Մայլեռ» հանգստյան գոտու տարածքում։
Լեռադահուկի մրցաձևի եզրագծին հասավ 15 մասնակից: Տղամարդկանց պայքարում լավագույն եռյակում Երևանի թիմի մարզիկներն էին՝ Գլեբ Մոսեսովը, Աշոտ Կարապետյանը, Մարկ Ստեփանյանը:
Կանանց պայքարում առաջին երկու տեղերում Ծաղկաձորի ներկայացուցիչներն են՝ Արուս Եղիզարյանն ու Անի Մանուկյանը: Բրոնզե մեդալի արժանացավ Սոչիից Ալեքսանդրա Մալխասյանը:
Համահայկական ձմեռային առաջին խաղերն անցկացվել էին 2014 թվականին։ 11 տարի անց Համայկական խաղերին մասնակցում է 1348 մարզիկ։ Նրանք ներկայացնում են 18 երկիր և 88 քաղաք։ 2014 թվականին կայացած առաջին խաղերին մասնակցել էր 430 պատվիրակ՝ աշխարհի 11 պետության 22 քաղաքից։ Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ընթացքում կանցկացվեն նաև հոկեյի, դահուկավազքի, լեռնադահուկային սպորտի, սնոուբորդի, շախմատի, ձնամարտի և սպորտային պարերի մրցումներ: Մի քանի մարզաձևերի` սնոուբորդի, լեռնադահուկի և հոկեյի մրցաշարերն անցկացվում են Ապարանի տարածաշրջանում և Երևանում: Համահայկական խաղերը մեկնարկել են փետրվարի 1-ին և կեզրափակվեն փետրվարի 7-ին։