ՀայաստանՍոցիալական

Վրացական անձնագրով ու վարորդական վկայականով երթևեկող ջավախահայերը Հայաստանում տուգանվում են․ նոր նախաձեռնություն է քննարկվում

Հայաստանում երկքաղաքացիություն ունեցող, սակայն վրացական անձնագրով ու վարորդական վկայականով երթևեկող ջավախահայերը տուգանվում են։ Սրա մասին հայտնել է Ազգային ժողովի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Պատգամավորը խնդիրը մանրամասնել է՝ նշելով, որ շատ ջավախահայեր վերջին տարիներին երկքաղաքացիություն են ստացել, սակայն Հայաստան մուտք են գործում վրացական անձնագրով և վարորդական վկայականով։ Հայաստանի պարեկային ծառայությունն այս դեպքերում նրանց տուգանում է՝ գործող օրենսդրության պահանջներից ելնելով։

Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը, անդրադառնալով նշված խնդրին, նշել է, որ խնդիրն իրենց հայտնի է։ Մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ այս պահին ՆԳՆ-ի կողմից շրջանառության մեջ է դրված օրենսդրական նախաձեռնություն։ Ըստ նախաձեռնության՝ երկքաղաքացիները կկարողանան այլ երկրի վարորդական վկայականով 1 ամիս երթևեկել Հայաստանում։

Դանիելյանը անարդարացի մոտեցում է համարում սա և նշում, որ հայկական վարորդական վկայականի բացակայությունը չպետք է հիմք հանդիսանա ջավախահայերին տուգանելու համար։

1 ամիս ժամանակը բավականին քիչ է Հայաստանում վարորդական վկայական ձեռք բերելու համար։ ՆԳՆ-ի ներդրած վերջին համակարգով հնարավոր է տեսնել, թե քաղաքացին երբ կարող է գրանցվել վարորդական քննություններ հանձնելու համար։ Հերթը որոշ հաշվառման-քննական ստորաբաժանումներում հասնում է մինչև ապրիլ-մայիս ամիս։