Սեյրան Օհանյանի կնոջ քրեական վարույթի նյութերը դատարանում են
Դատախազը դատարան է հանձնել Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռ. Խ.-ի, Կ.Մ.-ի և Ռ. Խ.-ի քրոջ դստեր՝ Ա.Բ.-ի նկատմամբ քրեական վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նախկին նախարար Սեյրան Օհանյանին պատկանող և ապօրինի ծագում ունեցող գույքերից մի քանիսը ձևականորեն գրանցվել են նրա կնոջ և քրոջ աղջկա անուններով՝ մասնավորապես՝ Երևանի Նալբանդյան փողոցում գտնվող երկու անշարժ գույքերը:
Դատարանի որոշումների հիման վրա նշված գույքերի նկատմամբ կիրառվել էին նախնական ապահովման միջոցներ և օտարման սահմանափակումներ, սակայն Ռ. Խ.-ն և Կ.Մ.-ն, քաղաքացիական դատարան ներկայացնելու դիտավորությամբ, կեղծել են գույքի առուվաճառքի պայմանագրեր՝ ձևականորեն օտարելով դրանք: 2023 թվականի ապրիլի 27-ի վճռով նշված գույքերի նկատմամբ ճանաչվել է Կ.Մ.-ի սեփականության իրավունքը:
Ավելին, Ռ. Խ.-ն իր պաշտոնավարման ընթացքում հայտարարագրերում թաքցրել է երկու անշարժ գույքերի վերաբերյալ տվյալներ, ինչը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքերի չհայտարարագրմանը:
Համապատասխան մեղադրանքներ են առաջադրվել Ռ. Խ.-ին՝ ապացույց կեղծելու, արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի գործողություններ կազմակերպելու և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու համար, Ա.Բ.-ին՝ ապացույց կեղծելու և արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի գործողություններ իրականացնելու համար, ինչպես նաև Կ.Մ.-ին՝ արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի գործողություններին օժանդակելու համար:

