
Հայաստանում սահմանվում է ապրանքների դրոշմավորման (QR-ների) նոր կանոններ
Հայաստանում ապրանքների դրոշմավորման նոր համակարգ է ներդրվում՝ ապահովելու դրանց հետագծելիությունը և կանխելու անօրինական շրջանառությունը։ Հին համակարգը եղել է ոչ հետագծելի, այսինքն՝ դրոշմավորումը կատարվել է ներմուծողի և արտադրողի մոտ։ Կառավարության փետրվարի 6-ի նիստում Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրեց նոր կարգավորումները, որոնք սահմանում են նույնականացման միջոցներով դրոշմավորման անցման փուլերը։
Նախատեսվում է, որ 2025 թվականի ընթացքում 18 ապրանքախմբեր փուլային կարգով կանցնեն նոր համակարգին։ Մասնավորապես՝
— Մարտի 1-ից՝ ըմպելիքներ, պահածոյացված մթերք, մակարոնեղեն, թեյ և սուրճ,
— Հունիսի 1-ից՝ կաթնամթերք, երշիկեղեն,
— Սեպտեմբերի 1-ից՝ յուղեր, ներկեր, լաքեր և այլ ապրանքներ,
— 2026 թվականի հունվարի 1-ից՝ դեղեր, կոսմետիկա և այլ ապրանքներ։
Ըստ որոշման, որոշ ապրանքների վրա կկիրառվեն հատուկ նույնականացման միջոցներ՝ DataMatrix երկչափ կոդերի ձևաչափով։ Հատուկ հավելվածի միջոցով քաղաքացիները նույնպես կկարողանան հետևել ապրանքների շրջանառությանը։ Անցումը կատարվելու է կամավոր հիմունքներով։ Նախարարի խոսքով՝ «կարող են լինել տնտեսվարողներ, որոնք առանձին ապրանքատեսակների համար հնարավոր է՝ արդեն անցում են կատարել այդ համակարգին և կարող են կամավոր անցում կատարել»:
Դրոշմավորման համակարգը Հայաստանում գործում է 1997 թվականից, սկզբում ընդգրկելով ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը, ապա ընդլայնվելով այլ ապրանքների վրա։ 2018 թվականին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) համաձայնագրով Հայաստանը պարտավորվել է ներդնել QR կոդերով նույնականացման միջոցներով դրոշմավորման նոր համակարգ։ Ծրագիրը իրականացվում է հենց այդ պարտավորությունների շրջանակներում։