
Կառավարությունը նոր հարկային փոփոխություններ է առաջարկում խաղային ոլորտի համար
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանություն է տվել «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնության փաթեթին, որով առաջարկվում են նոր հարկային կարգավորումներ խաղային ոլորտում։ Խաղատները, շահումով խաղերի կազմակերպիչները, ինտերնետ շահումով խաղերը, վիճակախաղերը և տոտալիզատորները, արդեն գոյություն ունեցող հարկերին և տուրքերին զուգահեռ, կվճարեն նաև շրջանառության հարկ՝ իրենց եկամուտների 10%-ի չափով։
Համաձայն նախագծերի փաթեթով ներկայացված հիմնավորման՝ վերջին 5 տարիների ընթացքում կատարվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք միտված են եղել խաղային ոլորտի սահմանափակմանը ու հարկային բեռի ավելացմանը, սակայն նախագծերի հեղինակի կողմից կատարված վերլուծությունները ցույց են տալիս, որ ձեռնարկված քայլերը բավարար չեն, և անհրաժեշտ է հարկային բեռը կրկին բարձրացնել:
Սակայն առաջարկվող նոր համակարգը խնդրահարույց է, քանի որ շրջանառության հարկը նախատեսվում է կիրառել շահութահարկի հետ զուգահեռ, ինչը հակասում է հարկային համակարգի տրամաբանությանը։
Օրենսդրական փոփոխությունների նախագիծը ներկայացվելու է Ազգային ժողովի քննարկմանը։ Եթե նախագիծն ընդունվի, ապա շուրջ 100 մլրդ դրամ տարեկան ավել եկամուտ է ապահովվելու պետական բյուջե: