
Երևանում տրանսպորտի կառավարման կենտրոնի վերակառուցումը գրեթե ավարտված է
Երևանի «Երևանտրանս» ՓԲԸ-ի տարածքում իրականացվող տրանսպորտի կառավարման կենտրոնի վերակառուցման աշխատանքներն ավարտին են մոտենում։ Փետրվարի 10-ին Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ աշխատանքների 90 տոկոսն արդեն ավարտված է, իսկ ամբողջական ավարտը նախատեսվում է 2025 թվականի մարտի վերջին։ Նոր կառավարման կենտրոնի գործարկումը կօգնի վերլուծել վթարների առավել հաճախ տեղի ունեցող վայրերը և մշակել լուծումներ դրանց նվազեցման համար: Այն նախատեսված է տրանսպորտային համակարգի խնդիրները լուծելու համար
Մենք պլանավորում ենք այդ տարածքում կենտրոնացնել տրանսպորտային կառավարման կենտրոնը և համապատասխանաբար պետք է արձանագրենք նաև «Երևանտրանս» ընկերության գործառույթները, որը պետք է դառնա ՀՈԱԿ, որպեսզի այս տրամաբանական փոփոխությունները կարողանանք իրականացնել, որովհետև մասնավոր գծերն այլևս չկան: Բոլոր ուղևորափոխադրումները կազմակերպվում են Երևան քաղաքի ենթակա ընկերություններով: Հետևապես, «Երևանտրանս» ընկերության ֆունկցիան պետք է վերաձևավորել, և կազմակերպաիրավական ձևն էլ պետք է փոխվի, կարծում եմ, որ արդեն հին տրամաբանությամբ այս ընկերությունը չի կարող գործել, — նշել է Ավինյանը