ԺամանցՀայաստան

Սնուփ Դոգը հետ է վերադարձրել Հայաստանում նախատեսված համերգի հոնորարը

Հայտնի ռեփեր Սնուփ Դոգը վերադարձրել է իր հոնորարը «Դոպինգ Սփեյս» ընկերությանը՝ Հայաստանում նախատեսված, բայց չկայացած համերգի համար։ Այս մասին հայտնում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը՝ հղում անելով ընկերության տրամադրած տեղեկատվությանը։

ԿԳՄՍ նախարարությունը 2023 թվականի օգոստոսին Սնուփ Դոգի համերգի կազմակերպման համար մոտ 6 միլիոն դոլար էր հատկացրել «Դոպինգ Սփեյս» ընկերությանը՝ դրամաշնորհի տեսքով։ Բացի այդ՝ ռեփերը նույնպես ամբողջական հոնորար էր ստացել։ Համերգի չկայանալու պատճառով վաճառված տոմսերի մեծ մասի գումարները վերադարձվել են գնորդներին, և իրականացվել են մնացած տոմսերի վերադարձի գործընթացները։

Հիշեցնենք, որ համերգի կազմակերպման ֆինանսավորման վերաբերյալ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ էր հարուցել՝ առերևույթ արգելված պետական օժանդակության հատկանիշներով։ ՄՊՀ-ից նշել են, որ օժանդակության տրամադրման հարցում ընտրողականություն է դրսևորվել։ Ծրագրի իրականացումը վստահվել է միայն մեկ կազմակերպության, որը ընտրվել է ոչ մրցութային կարգով։ Սակայն հոնորարի հետ վերադարձից հետո հանձնաժողովը որոշել է կարճել վարույթը։

Ռեփեր Սնուփ Դոգի համերգը պետք է տեղի ունենար 2023 սեպտեմբերի 23-ին։ Սակայն Արցախում տեղի ունեցած սեպտեմբերյան էթնիկ զտումներից հետո համերգը անորոշ ժամանակով հետաձգվել է։ Հետո այն ևս մի քանի անգամ չեղարկվել է։ Դրանից հետո արդեն 2025 թվականի տարեսկզբին ԿԳՄՍ-ից հայտարարել էին, որ համերգը տեղի չի ունենա և հետ են պահանջել Սնուփ Դոգի հոնորարը։