
Հայաստանում կստեղծվի միասնական երթուղային ցանց
Կառավարությունը նախաձեռնել է նոր բարեփոխում՝ ամբողջ Հայաստանի տարածքում միասնական երթուղային ցանց ստեղծելու համար։ Նոր համակարգը ենթադրում է, որ մեկ մարզի կամ տարածաշրջանի բոլոր երթուղիները կսպասարկի միայն մեկ օպերատոր՝ փոխարինելով նախկին 1 երթուղի — 1 օպերատոր սկզբունքին։ Սա կբարձրացնի տրանսպորտի որակը: Բացի այդ՝ Հայաստանի բոլոր մարզերում և սահմանամերձ բնակավայրերում կիրականացվեն կանոնավոր ուղևորափոադրումներ։ Սակայն ծրագիրը պահանջում է մեծ ներդրումներ՝ նոր տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար։
Նոր ծրագիրը կապահովվի երկրի կայուն զարգացման համար առավել օպտիմալ տրանսպորտային համակարգի ձևավորումը, կանոնավոր ուղևորափոխադրումների արդյունավետ կազմակերպումը, միասնական երթուղային ցանցի ներդրումը, հանրապետության բոլոր բնակավայրերի, այդ թվում՝ սահմանամերձ համայնքների, կանոնավոր տրանսպորտային սպասարկումը, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ոլորտների զարգացումը, տրանսպորտային պարկի թարմացումը, ավիաչվերթերի աշխարհագրության ընդլայնման և ավիաընկերությունների թվի ավելացման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումը. ինչպես նաև ենթակառուցվածքների կայուն զարգացումը, — նշված է ծրագրի հիմնավորման մեջ։
Այս բարեփոխումները իրականացվելու են տրանսպորտի տարբեր տեսակներով՝ ավտոմոբիլային, երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտով։ Կառավարությունը նախատեսում է աջակցել նոր տրանսպորտային միջոցների ձեռքբերմանը և ոլորտում ծավալների մեծացմանը՝ օգտագործելով ֆինանսական աջակցության տարբեր ծրագրեր։
Միասնական երթուղային ցանցի ներդրման նպատակով որոշ մարզերում հայտարարված մրցույթները չեն կայացել հայտերի բացակայության պատճառով, ինչը կապված է մեծ ներդրումների բիզնես ռիսկերի հետ։ Որոշ դեպքերում մրցույթներին մասնակցության միայն մեկ հայտ է ներկայացվում, ինչը բացառում է առողջ մրցակցությունը։ Միասնական երթուղային ցանցի գործընթացը ավարտին հասցնելու, ինչպես նաև Կառավարության աջակցությամբ տրանսպորտային համակարգի զարգացմանն ուղղված միջոցառումները կյանքի կոչելու նպատակով մշակվել է օրենքի նախագիծը։