ԱրցախՍոցիալական

Դիլիջանի գիշերօթիկը կծառայի բնակարանային ֆոնդ Արցախից տեղահանվածների համար

Դիլիջանի գիշերօթիկի նախկին շենքում կիրականացվեն շինարարական աշխատանքներ։ Այն ապագայում ծառայելու է որպես սոցիալական բնակարանային ֆոնդ Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների համար։ Այս պահին շենքը շահագործման ենթակա չէ։ Այն ռիսկային է բնակության համար։ Բացի այդ, ներսում չկան նաւ կոմունալ հարմարություններ։

Չնայած այդ ամենին լքված շենքում վերջին տարիներին ինքնակամ բնակություն են հաստատել Արցախից բռնի տեղահանված շուրջ 40 հայրենակիցներ։ Նրանցից որոշները ուղարկվել են շուրջօրյա խնամքի կենտրոններ։ Մյուս ընտանիքները կառավարության առաջարկով տեղափոխվել են Երևանում, Աբովյանում, Գյումրիում, Մարալիկում գտնվող սոցիալական կացարաններ։ Ոմանք էլ նախընտրել են ապրել վարձակալության տներում։

Այս պահին շենքում մնացել է 12 անձ, որոնք նախընտրել են ապրել այդտեղ։ Սակայն նրանցից մեկը համաձայնել է առաջիկա օրերին տեղափոխվել Աբովյանում գտնվող սոցիալական բնակֆոնդ։ 8 անձից բաղկացած ընտանիքներից մեկը պատրաստվում է տեղափոխվել վարձակալած բնակարան, մյուս 3 անձանց հետ քննարկվում են տեղափոխման հնարավոր տարբերակները։

Դիլիջանի գիշերօթիկը գտնվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվեկշռում։

Նշենք, որ դեռևս 2019 թվականին կառավարությունը որոշում էր ընդունել փակել բոլոր գիշերօթիկները։ Դրանց փոխարեն գործում են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ։ Հատուկ դպրոցներում ներառված երեխաները վերադարձվել են իրենց ընտանիքներ և ընդգրկվել հանրակրթական դպրոցներում։