
Հանրային վերահսկողություն կսահմանվի ոչ առևտրային կազմակերպությունների գույքի նկատմամբ
Հանրային վերահսկողություն կսահմանվի ոչ առևտրային կազմակերպությունների՝ ԽՍՀՄ-ից ժառանգություն ստացած գույքի օտարման նկատմամբ։ Նախագիծը ներկայացվել է ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ։
Օրենքի նախագծով այն հասարակական կազմակերպությունները, որոնք մինչև 2005 թվականին հողային օրենսգրքի փոփոխության արդյունքում պետությունից ստացել են հողամաս կամ դրա վրա կառուցված շինություններ, այսուհետ այդ գույքերը կկարողանան օտարել մի շարք կարգավորումներ անցնելուց հետո։
Օրենքի ընդունումից հետո նման հասարակական կազմակերպությունների անդամները և հասարակությունը հնարավորություն կունենա հանրային վերահսկողություն ունենալ այդ գույքերի օտարումների և նվիրատվությունների նկատմամբ:
Սա նշանակում է, որ ազմակերպությունները նման գործարքների իրականացումից առաջ պարտավոր են լինելու այդ մասին հանրային քննարկումներ անցկացնել e-draft հարթակի միջոցով և ստանալ իրենց անդամների առնվազն 2/3-ի համաձայնությունը։ Գույքի վաճառքը հնարավոր կլինի իրականացնել միայն բաց հրապարակային աճուրդների միջոցով: Փոփոխությունների նպատակը ժամանակին հանրային սեփականություն հանդիսացած և այժմ հասարակական կազմակերպությունների կանոնադրական նպատակներին ծառայող գույքերի օտարումները հասարակության ուշադրության կենտրոնում պահելն է։