
Այսօր մարտի 1-ի գործողությունների 17-րդ տարելիցն է
Մարտի 1-ի գործողություններից անցել է արդեն 17 տարի, սակայն մինչև այժմ այդ գործողությունների հանգամանքները չեն բացահայտվել։ Այսօր Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել զոհերի հիշատակին։ Նա հայտարարել է, որ մարտի 1-ի բացահայտումը եղել է այն կարևոր խնդիրներից մեկը, որը ինքը առաջադրել է։ Այդ իրադարձությունների մասին Փաշինյանը առաջին անգամ չէ, որ խոսում է։ Չնայած այն հանգամանքին, որ նա բազմիցս հայտարարել էր խնդրի բացահայտված լինելու մասին, այնուամենայնիվ մինչև այսօր դեռ ոչ ոք իր պատիժը չի կրել։
Մարտի 1-ի վարույթով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը։
Մարտի 1-ի գործը, ըստ էության, իմ գնահատմամբ, բացահայտված է։ Շատերը հարց են տալիս, թե ինչպես կարելի է բացահայտված համարել մարտի 1-ի գործը, երբ սպանությունները բացահայտված չեն։ Իմ կարծիքը ու անձնական գնահատականն այն է, որ, ճիշտ է, կրակողները բացահայտված չեն, բայց սպանությունները, այն ֆոնը, որում դա տեղի է ունեցել, բացահայտված են, — հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը դեռևս 2021 թվականին։
Ավելի վաղ՝ 2018 թվականին Փաշինյանը հայտարարել էր, որ այն ամբողջովին բացահայտված է։
Դուք բոլորդ լսել եք Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հարցազրույցները և այդ հարցազրույցները լսելով ես կարող եմ ասել հետևյալ։ Իմ մեկնաբանությամբ՝ մենք կարող ենք ասել, որ մարտի 1-ի գործը, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է, — նշել էր նա։
Սակայն այսօր Փաշինյանը հերքել էր տարիներ առաջ իր հայտարարությունները։
Ես երբեք չեմ ասել, որ «Մարտի 1»-ի գործն «ամբողջությամբ» բացահայտվել է, ամբողջությամբ բառը չեմ օգտագործել, ես ասել եմ, որ «Մարտի 1»-ի գործում բացահայտելու հանգամանքներ կան, ավելի ճիշտ ոչ թե բացահայտելու, այլ իրավական գնահատականի արժանացնելու, քննելու, հետաքննելու։ Երբ որ ես ասում եմ բացահայտված է… այն, ինչ է տեղի ունեցել, տեղի է ունեցել բռնի ուժով, բանակի ներգրավմամբ, հանցավոր խմբավորումների, ապօրինի զինված խմբավորումների ներգրավմամբ տեղի է ունեցել քաղաքացիական բողոքների ճնշում և սպանություններ։ Այս ամեն ինչը պետք է ինչ-որ ձևով ընթացք, իրավական գնահատական ստանա, բաց դա պետք է իրականացնեն իրավապահ մարմինները։
Հիշեցնենք, որ Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Երևանում մի շարք հակակառավարական գործողություններ տեղի ունեցան, որոնք կապված էին Հայաստանում 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների հետ։ Գործող իշխանությունը համատարած ընտրակեղծիքների միջոցով ապահովել էր իրավահաջորդի՝ Սերժ Սարգսյանի հաղթանակը։ Դրանից հետո սկսել էին բողոքի ակցիաներ ամբողջ հանրապետությունում։ Իրադարձությունները սկսել էին ակտիվորեն զարգանալ փետրվարի 20-ից հետո, երբ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները Երևանի Ազատության հրապարակում հիմնեցին շուրջօրյա ճամբար և սկսեցին կազմակերպել հանրահավաքներ։
Մարտի 1-ին իրադարձությունները հասան հանգուցալուծման։ Վաղ առավոտյան ոստիկանական հատուկ ուժերը հարձակվեցին ու բռնի ուժով ցրեցին Ազատության հրապարակում ընթացող շուրջօրյա հանրահավաքները։ Ցերեկը ժողովուրդը հավաքվեց Մյասնիկյանի արձանի մոտ, և արդեն երեկոյան ռեժիմը դիմեց զենքի՝ կրակելով ժողովրդի վրա: Արդյունքում զոհվեց 10 քաղաքացի, մարմնական վնասվածքներ ստացան հարյուրավորները։ Մր շարք անձինք ձերբակալվեցին և դատապարտվեցին։
Հետագայում այդ քրեական գործերի մեծամասնությունը բողոքարկվեց ՄԻԵԴ-ում և բեկանվեց, «Մարտի 1»–ի գործով շինծու մեղադրանքներով դատապարտվածներն արդարացվեցին։