ՀայաստանՍպորտ

ՀՖՖ-ֆուտբոլասեր առճակատումը չի նպաստում հայկական ֆուտբոլի զարգացմանը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ու ֆուտբոլասեր հանրության շրջանում հակասությունը մեծանում է։ «Հայկական առաջին ճակատը» և ֆուտբոլասերները դեռևս նախորդ տարվանից պահանջում են գործող ղեկավարության հրաժարականը։ Երկրպագուները Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումներին շարունակում են բոյկոտել։ Վերջերս ներքին առաջնության 21-րդ տուրի «Փյունիկ» — «Արարատ-Արմենիա» (1:2) հանդիպման ժամանակ ձերբակալվեցին 9 հայ երկրպագուներ հանդիպման ժամանակ ակցիաներ կազմակերպելիս։

Ֆան շարժումից նշում են, որ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի Հայաստան — Վրաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ ֆեդերացիան տեղեկատվություն չի տրամադրում։ Այնինչ, վրացիները նշում են, որ իրենց ֆան շարժմանը տրվել է ամբողջ հյուրերի սեկցիան շուրջ 900 տեղ, նաև լրացուցիչ շուրջ 1500 տեղ հյուրերի սեկցիայի հարևանությամբ։

Առաջին դեպքը Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ խաղն էր, երբ FAF-ն ու Red Eagles-ը մինչև վերջին օրերը հնարավորություն չունեին ձեռք բերելու իրենց ավանդական դարձած տրիբունաների տոմսերը։ Հաջորդիվ` Լատվիայի դեմ խաղում, ֆեդերացիան հրաժարվեց հյուրերի սեկցիայից, ինչի պատճառով տասնյակ հայ երկրպագուներ, այդ թվում Հայաստանից խաղին մեկնած FAF-ի անդամներ, Ռիգայում ստիպված տոմսեր գնեցին լատվիացի երկրպագուների համար նախատեսված տեղերում։

Արդեն նախորդ տարվա ավարտին ՀՖՖ ղեկավարությունը, որոշեց ֆուտզալի ազգային հավաքականին թողնել առանց երկրպագուների կազմակերպված աջակցության. Հայաստան-Դանիա խաղը կազմակերպվեց հանդիսականների ներկայության համար ամենաանհարմար վայրում՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, իսկ խաղի տոմսերը վաճառքի դուրս չեկան։

Գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը մարտի 11-ին Ազգային ժողովում խուսափեց պատասխանել լրագրողի այն հարցին, թե ինչ է մեկնաբանություն կտա վերջին իրադարձությունների ու իր հրաժարականի պահանջի վերաբերյալ։

Արդյո՞ք ֆեդերացիայի այս գործելաոճը նպաստում է հայկական ֆուտբոլի զարգացմանը, թե՞ ավելի բևեռացնում, և արդյո՞ք երկրպագուների ակցիաները չեն խոչընդոտում ֆուտբոլային խաղերի անցկացմանը։ ՀՖՖ-ֆուտբոլասեր առճակատումը ամենևին չի օգնում ու չի օգնելու հայկական ֆուտբոլին։