ՀայաստանՊատահար

Հայաստանն օրգանների թրաֆիքինգի ցանցում. 56 երիկամ վաճառած կնոջը ձերբակալել են

Լեհաստանի սահմանապահ ծառայությունը ձերբակալել է 35-ամյա ուկրաինուհու։ Նա մեղադրվում է միջազգային օրգանների թրաֆիքինգի հանցախմբին մասնակցելու և 56 անձի երիկամի անօրինական վաճառքի մեջ։ Ղազախստանի դատարանը նրան դատապարտել էր 12 տարվա ազատազրկման, սակայն մինչ այժմ մնում է անհասկանալի, թե ինչու էր նա գտնվում ազատության մեջ։

Հետաքննության տվյալներով՝ հանցավոր խմբավորումը գործել է 2017-2019 թվականներին և ապօրինի օրգաններ է ձեռք բերել մի շարք երկրներից, այդ թվում՝ Հայաստանից։ Ըստ պաշտոնական աղբյուրների՝ Հայաստանը, ինչպես նաև Ադրբեջանը, Ուկրաինան, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը և Թաիլանդը, համարվել են հիմնական երկրները, որտեղից հավաքագրվել են զոհերը։ Մինչ այժմ հայտնի չէ, թե կոնկրետ որքան հայաստանցի է դարձել այս հանցագործության զոհ։

Հանցավոր սխեմայի հիմնական գործելաոճն է եղել գտնել ֆինանսական դժվարություններ ունեցող անձանց, կեղծ խոստումներով համոզել նրանց օրգան վաճառել, ապօրինի կերպով հեռացնել օրգանները և վաճառել սև շուկայում։

Այս տեսակի հանցագործությունները հատկապես վտանգավոր են, քանի որ զոհերը հաճախ չեն ստանում խոստացված գումարը, իսկ բժշկական միջամտություններն իրականացվում են ոչ ստանդարտ պայմաններում, ինչը հանգեցնում է ծանր առողջական հետևանքների։

Լեհաստանի դատախազությունը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ կնոջը ժամանակավոր կալանքի տակ պահելու և Ղազախստանին արտահանձնելու համար։ Նա Ինտերպոլի կողմից հետախուզվում էր 2020 թվականից։