
Խնձորեսկում մարդիկ խմելու ջուր չունեն
Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի բնակիչները կրկին արձանագրում են, որ քանի օր է արդեն իրենք նորմալ ջուր չունեն։ Օրվա մեջ ջուրը կրկին մի քանի ժամով են տալիս, եկած ջուրն էլ ցեխաջուր է։ Խնդիրը գյուղում կա դեռևս 2000-ականներից։ 2019 թվականին կառուցվել էին կապտաժներ՝ խնդիրը լուծելու համար։
Այնուամենայնիվ՝ Գորիսի քաղաքապետարանից Amnews-ին հայտնել էին, որ Խնձորեսկում խմելու ջրի մի հատվածը սպասարկում է «Վեոլիա ջուր» ընկերությունը, մյուս մասը՝ համայնքապետարանը։ Տարվա որոշ եղանակներին գյուղացիները ջուր են ստանում առավոտյան ժամերին, այն էլ՝ մի քանի ժամով։ Ինչպես նշում է Գորիսի համայնքապետի տեղակալ Իրինա Յոլյանը, նման քաղաքականության պատճառը խմելու ջուրը խնայելն է, որովհետև սեզոնին մարդիկ այն օգտագործում են այգիները ոռոգելու համար։
Շաբաթից ավել աղբաջուր է գալիս, որ մեկը բողոքե՞ց։ Ըմբռնումով եք մոտենում, կամ էլ հույս չունեք որ բողոքելը կօգնի, անհույս եք, անհույս, — հայտարարել էր գյուղի բնակիչներից մեկը։
Խնձորեսկի վարչական ղեկավարությունից էլ հայտնում են, որ ձնհալների պատճառով վնասվել է դեպի կապտաժներ հասնող ջրագիծը, որի հետևանքով առաջացել են խմելու ջրի մատակարարման հետ կապված խնդիրներ:
Ներկայումս միջոցառումներ են ձեռնարկվում ջրագծի նորոգման ուղղությամբ, որպեսզի բարելավվի նաև ջրի որակը: Հարկ է նշել, որ ներկայումս խմելու ջրի քանակը որոշակիորեն պակասել է, քանի որ «Վեոլիա ջուր» ընկերությունը ձյան պատճառով հասանելիություն չունի դեպի գլխավոր կայան՝ ջրի ճնշումն ավելացնելու համար: Կոչ ենք անում բնակիչներին ստեղծված իրավիճակին մոտենալ ըմբռնումով և խնայողաբար օգտագործել առկա ջրային պաշարները: Խնդրի լուծման ընթացքի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի:
Amnews-ը փորձեց կապ հաստատել վարչական ղեկավար Արտյոմ Աղաջանյանի հետ, սակայն մեր զանգերը անպատասխան մնացին։