ՀայաստանՔաղաքականություն

Ալավերդիում «Ապրելու երկիր» կուսակցության անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են

Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու հերթական նիստի ժամանակ որոշում է կայացվել «Ապրելու երկիր» կուսակցության անդամների լիազորությունները դադարեցրնել։ Որպես պատճառաբանություն նշվում է, որ խմբակցության անդամները երկար ժամանակ չեն մասնակցել ավագանու նիստերին։ Որոշմանը կողմ է քվեարկել ավագանու մեծամասնությունը։

Արդյունքում՝ «Ապրելու երկիր» կուսակցության 9 անդամները, այդ թվում՝ նախկին քաղաքապետ Արկադի Թամազյանը, մանդատից զրկվել են։ Կարծես իր «գլխի գալիքը» զգալով՝ «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Սամվել Էլբակյանը սեփական դիմումի համաձայն դուրս է եկել կուսակցությունից և որոշել գործունեություն ծավալել որպես անկախ ավագանի։

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 2023 թվականին անվստահություն էր հայտնել «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակով համայնքապետ դարձած Արկադի Թամազյանին։ Արդյունքում՝ փակ–գաղտնի քվեարկությամբ համայնքապետ էր ընտրվել ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, Շնողի նախկին համայնքապետ Դավիթ Ղումաշյանը, ով այդ ժամանակ ցուցակի երկրորդ համարն էր։ Այդ գործողություններից հետո ավելի քան մեկ տարի, «Ապրելու երկիր» կուսակցության անդամները չեն մասնակցդել ավագանու նիստերին՝ դա համարելով քաղաքական բոյկոտ։

Նշենք, որ մեկ նստաշրջանում նիստերի կեսին չմասնակցելու դեպքում ավագանու անդամը կարող է զրկվել մանդատից։ «Ապրելու երկիր» կուսակցությունը չէր մասնակցել երկու նստաշրջաններին։