
Դեղատների ներկայացուցիչները պահանջում են վերանայել էլեկտրոնային դեղատոմսերի կիրառման կարգը
Հայաստանում դեղատնային ոլորտի ներկայացուցիչները դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ բարձրաձայնելով էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի չկայացած գործարկման խնդիրը։
Նրանց խոսքով, համակարգն ըստ էության չի գործում, քանի որ բժիշկները դուրս չեն գրում էլեկտրոնային դեղատոմսեր այն դեպքերում, երբ քաղաքացիները դեղերը ձեռք են բերում սեփական միջոցներով, առանց պետպատվերի։ Թեև ոլորտի պատասխանատուները տարբեր պատճառաբանություններ են ներկայացնում, վիճակագրությունն անփոփոխ է՝ էլեկտրոնային դեղատոմսերի կիրառումը շարունակում է մնալ սահմանափակ։
Մինչ այդ, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է տուգանել դեղատներին՝ առանց էլեկտրոնային դեղատոմսի դեղեր վաճառելու համար։ Տնտեսվարողները սա գնահատում են որպես անհամաչափ վարչարարություն և պահանջում են ապահովել, որ բժիշկները պատշաճ կերպով դուրս գրեն դեղատոմսերը։
Դեղատների ներկայացուցիչները կոչ են անում իշխանություններին վերանայել վերահսկողական մեխանիզմները և հետ կանչել օրենքի նախագիծը, որը դեղատների համար ստեղծում է հավելյալ խնդիրներ։
Հիշեցնենք, որ 2024 թվականի մարտի 1-ից Հայաստանում 470 անուն դեղ հնարավոր էր գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով, իսկ 2025-ի հունվարի 1-ից այդ ցանկը ընդլայնվել է՝ ներառելով 2 566 անուն դեղորայք։