
Ընտրակաշառքի գործով 8 ձերբակալվածներից 6-ը ներկայացվել են դատարան
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն Գյումրիում ընտրակաշառք տալու, ստանալու և ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առնչությամբ ձերբակալել էր 8 անձի: Նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, իսկ 6-ը օրենքով սահմանված կարգով ներկայացվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան։ Նրանց նկատմամբ կկիրառվի վարչական հսկողություն։
Դատարանը բավարարել է ներկայացված 5 միջնորդությունները՝ մեղադրյալների նկատմամբ կիրառելով վարչական հսկողություն: Նրանք օրենսդրությամբ սահմանված կարգով ազատ են արձակվել, իսկ փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայություն:
Միաժամանակ դատարանը սահմանել է լրացուցիչ արգելքներ՝ մեղադրյալներին արգելելով առանց իրավապահների թույլտվության փոխել բնակության վայրը, գիշերային ժամերին լքել այն, ինչպես նաև որոշ անձանց հետ շփվել:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել մարտի 27-ին։ Ձերբակալվածներից 3-ը խոստովանել էին իրենց արարքները։