
Հեռուստատեսության հանձնաժողովը ճիշտ կհամարեր Հանրայինով հեռարձակել Բաքվում պահվող գերիների դատավարությունները
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը Ազգային ժողովում անդրադարձել է մի քանի կարևոր հարցերի։ Մասնավորապես՝ նա ճիշտ է համարում, որ Հանրային հեռուստաընկերությունը պետք է անդրադառնա Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի և այլ գերիների դատավարություններին։
Կիսում եմ ձեր մտահոգությունը։ Իհարկե, շատ ճիշտ կլինի, որ լուսաբանվի,– ասել է նա՝ հավելելով, որ Հանրային հեռուստաընկերության բովանդակության վրա վերահսկողություն սահմանելու լիազորություն չունեն։
Հակոբյանը պարզաբանել է, որ հեռուստաընկերությունն ունի կառավարող մարմին՝ Հանրային հեռարձակողի խորհուրդ, և ՀՌՀ-ն իրավասու չէ միջամտել խմբագրական քաղաքականությանը։ Ըստ նրա՝ օրենսդրությունը որևէ հեռուստաընկերության չի պարտադրում ցուցադրել այս կամ այն նյութը, ուստի իրավական խախտում չի դիտվում՝ դրա բացակայությունը։
Բացի այդ, ՀՌՀ նախագահը հայտարարել է, որ հանձնաժողովը նախաձեռնում է օրենսդրական փոփոխություններ՝ ընդլայնելու վերահսկողությունը նաև համացանցային հեռուստանման հարթակների նկատմամբ։
Այս պահին համացանցում գործում են տասնյակ յութուբյան ալիքներ, որոնք հեռուստանման բովանդակություն են ստեղծում, սակայն կարգավորումից դուրս են։ Վտանգների մեծ մասը, այդ թվում՝ ապատեղեկատվություն, թշնամանքի խոսք, երեխաների վրա բացասական ազդեցություն, տարածվում են հենց այդ հարթակներով,– նշել է նա։
ՀՌՀ-ն արդեն հաշվարկել է, որ Հայաստանում գործում է մոտ 40 այդպիսի ալիք, որոնք ունեն հեռարձակման հատկանիշներ՝ օրական առնվազն 6 ժամ հաղորդումներ, հետևորդների զգալի թիվ Facebook-ում և YouTube-ում, հստակ հաղորդացանկ ու խմբագրական ձևավորված մոտեցում։ Հակոբյանը գտնում է, որ այդ հարթակներն անհրաժեշտ է ներառել կանոնակարգման դաշտում՝ ըստ միջազգային փորձի։