
Պաշտոնական Երևանը ներկայացրել է սահմանազատման առաջարկներ, բայց Ադրբեջանից դեռ պատասխան չկա
Հայաստանը գրավոր առաջարկներ է փոխանցել Ադրբեջանին՝ սահմանազատման գործընթացի շարունակման վերաբերյալ։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ առաջարկները վերաբերում են սահմանազատման տրամաբանությանը և այն հատվածներին, որտեղից պետք է սկսել գործընթացը։
Ընդհանուր պատկերացում կա՝ շարժվել հյուսիսից հարավ ուղղությամբ։ Հարցը հիմա այն է, թե այդ ուղղության որ հատվածից սկսել։ Մենք մեր առաջարկներն ուղարկել ենք, սպասում ենք արձագանքի, — ասաց նա՝ հավելելով, որ մանրամասներ այս փուլում հնարավոր չէ հրապարակել, քանի որ գործընթացը շարունակվում է։
Հիշեցնենք, որ հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել էին սկսել գործընթացը Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից՝ շարժվելով հարավ՝ մինչև Իրանի հետ սահմանը։
Նույն ճեպազրույցում վարչապետը անդրադարձավ նաև նոր Սահմանադրության նախագծին՝ շեշտելով, որ ըստ իր համոզման, փաստաթղթում հղում Անկախության հռչակագրին չպետք է լինի։
Տարիներ առաջ ասել եմ, որ հռչակագիրը նորովի վերլուծելուց հետո եկել եմ այն եզրակացության, որ դրանով անկախ պետականության գաղափարը հարցականի տակ է դրվում։ Հետևաբար՝ չեմ կարծում, որ նոր Սահմանադրությունում նման հղում պետք է լինի։ Բայց վերջնական որոշումը պետք է կայացնի ՀՀ ժողովուրդը, — նշեց Փաշինյանը։
Վերջին շաբաթներին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հարցն էլ կրկին ակտիվ օրակարգում է։ Մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են փաստաթղթի տեքստը՝ վերջին կետերը վերաբերել են երրորդ կողմերի, մասնավորապես՝ ԵՄ դիտորդական առաքելության դուրսբերմանը և փոխադարձ դատական հայցերից հրաժարվելուն։
Ապրիլի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խաղաղության պայմանագրի ստորագրումը կապեց մի շարք նախապայմանների հետ՝ Մինսկի խմբի լուծարում և Հայաստանի Սահմանադրության փոփոխություն։ Ադրբեջանը պահանջում է հանել դրույթները, որոնք հղում են կատարում Անկախության հռչակագրին և Լեռնային Ղարաբաղին։
Հայկական կողմը շարունակում է հայտարարել, որ պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ ընդգծելով, որ նախաձեռնությունը այժմ Ադրբեջանի դաշտում է։