
Հայաստան, Վրաստան, Ռուսաստան. դեղորայքի հասանելիությունը և գների տարբերությունները
Տարածաշրջանի երեք պետություններում՝ Ռուսաստանում, Հայաստանում և Վրաստանում, դեղերի շուկաները զարգանում են տարբեր մոդելներով: Սակայն կան մի շարք ընդհանուր խնդիրներ, որոնք վերաբերում են արտաքին կախվածությանը, գների անկանոն ձևավորմանը և կդեղերի շուկայի արգավորման արդյունավետության բացակայությանը։
Ռուսաստանը, լինելով ԱՊՀ երկրների շարքում ամենամեծ շուկա ունեցող պետությունը, 2024 թվականին գրանցել է դեղերի ավելի քան 25 միլիարդ դոլար շրջանառություն։ Չնայած ներքին արտադրության խթանման պետական քաղաքականությանը, ռուսական շուկայի շուրջ 60 տոկոսը շարունակում է ձևավորվել ներմուծվող դեղերով՝ հիմնականում Գերմանիայից, Հնդկաստանից և Չինաստանից։ Պետական վերահսկողությունն այստեղ ուժեղ է՝ հատկապես կենսական նշանակության դեղերի գների սահմանափակման հարցում։ Այնուամենայնիվ, միջազգային պատժամիջոցների հետևանքով որոշ կարևոր դեղեր դարձել են դժվար հասանելի կամ էլ թանկ։
Հայաստանում դեղերի շուկան զգալիորեն կախված է ներմուծումից։ Մեր երկիրը դեղերի ավելի քան 80 տոկոսը ներմուծում է տարբեր երկրներից։ Դրանց շարքում են Ռուսաստանը, Իրանը, Հնդկաստանը և եվրոպական երկրները։ Թեպետ վերջին տարիներին տեղական արտադրությունը որոշակի աճ է գրանցում, այն դեռևս չի կարողանում բավարարել ներքին պահանջարկը։ Դեղերի հսկողության մեխանիզմները ևս թերի են՝ հատկապես կեղծ կամ առանց դեղատոմսի վաճառվող դեղերի շրջանառության մասով։ Առողջապահության նախարարությունն այս հարցը փորձում է կարգավորել էլեկտրոնային վերահսկման համակարգի ներդրման միջոցով, սակայն գործընթացը դեռ նախնական փուլում է։
Վրաստանը որդեգրել է բաց ու ազատ դեղագործական շուկայի մոդել։ Այստեղ դեղերը հիմնականում ներկրվում են Թուրքիայից, Հնդկաստանից, Գերմանիայից։ Շուկայի բաց լինելը ապահովում է դեղերի լայն տեսականի և համեմատաբար մատչելի գներ, սակայն միևնույն ժամանակ աճեցնում է կասկածելի դեղերի շրջանառության ռիսկը։
Վերը նշված երկրների դեղերի շուկան ուսումնասիրելու համար դիտարկել ենք որոշ հաճախակի օգտագործվող դեղերը այդ երկրներում և դրանց գները։
Համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ դեղերի գները զգալիորեն տարբերվում են երեք երկրներում, և հաճախ Ռուսաստանում դրանք ավելի մատչելի են, ինչը կապված է ինչպես պետական քաղաքականության, այնպես էլ տեղական արտադրության մասշտաբների հետ։ Այս փաստը կարևոր ազդակ է Հայաստանի և Վրաստանի համար՝ զարգացման ռազմավարություններ մշակելու և դեղագործական անվտանգության ամրապնդման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։