
Ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի խոսքերը
Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը հայտարարում է, որ ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են իր հայտարարությունները՝ կապված 1992 թվականի Իվանյանի (նախկին Խոջալու) դեպքերի հետ։
Նրա խոսքով՝ ապրիլի 21-ին Բաքվում կայացած դատական նիստի ընթացքում իրեն վերագրված հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը։ Դավիթ Բաբայանը ձայնային հաղորդագրություն է փոխանցել իր ընտանիքի միջոցով։
Ադրբեջանական մամուլում տարածված տեղեկությունն իմ ասածի հակառակն է։ Ես նշել եմ, որ այդ դեպքերի պատասխանատվությունը կրում է հենց ադրբեջանական կողմը, և դրանք ներիշխանական պայքարի հետևանք են։ Երբեք չեմ ասել, թե Իվանյանի ազատագրման համար պարգև է եղել։ Դա ևս խեղաթյուրված մեկնաբանություն է։ Վաղը դատական նիստի ընթացքում այդ մասին բացահայտ կխոսեմ,- հայտնել է Բաբայանը։
Նա հավելել է, որ Բաքվում իրենց նկատմամբ վատ վերաբերմունք չկա։
Դատարանում քննարկումներն անցնում են թեժ, բայց՝ քաղաքակիրթ միջավայրում։ Թշնամական վերաբերմունք չենք զգացել՝ ոչ խոսքի, ոչ հայացքի մակարդակում։ Մեզ շատ է պակասում ընտանիքն ու մտահոգված ենք մեր ժողովրդի ճակատագրով։ Բայց համոզված եմ՝ ամեն ինչ լավ է լինելու,- ասել է նա։
Բաբայանը նշել է նաև, որ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի օրը, հոգով կլինի Ծիծեռնակաբերդում։
Նույն դատական նիստի ընթացքում հարցաքննվել են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, ինչպես նաև պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը։
Ադրբեջանական Caliber.az և «Ազերթաջ» լրատվամիջոցները, հղում կատարելով նիստին, պնդել են, թե Դավիթ Բաբայանը իբր հերքել է իր մասնակցությունն Իվանյանի իրադարձություններին և հավելել, թե այդ ժամանակ ուժի կիրառման կողմնակիցները հասել են իրենց նպատակին։ Նրանց հրապարակումների համաձայն՝ Բաբայանն ասել է, որ ԼՂ-ում Խոջալուի ազատագրման համար մեդալ է գոյություն ունեցել։ Այս բոլոր պնդումները, ըստ Բաբայանի, իրականությանը չեն համապատասխանում։