Կայուն զարգացմանը հնարավոր չէ հասնել առանց տևական խաղաղության հաստատման․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարարը ելույթ է ունեցել Մեծ քսանյակի նախարարական երկրորդ հանդիպմանը։
Նախարարն անդրադարձել է խաղաղության, անվտանգության, կայուն զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության մարտահրավերներին։ Ընդգծել է համակարգված միջազգային քայլերի անհրաժեշտությունը ՄԱԿ-ի գլխավորությամբ՝ ամրապնդելու բազմակողմանիությունը և անվտանգ, բարգավաճ, կայուն ապագա:
Նախարարը կարևորել է ուժեղ, ներառական և արդյունավետ ֆինանսական հաստատությունների դերը միջին եկամուտ ունեցող և հատուկ իրավիճակներում հայտնված երկրների կարիքների համար։
Կայուն զարգացմանը հնարավոր չէ հասնել առանց տևական խաղաղության հաստատման։ Այսօր բազմաթիվ տարածաշրջաններում մենք ականատես ենք ագրեսիայի, զինված հակամարտությունների, աշխարհաքաղաքական լարվածության և անվստահության, որոնք լրջորեն խաթարում են զարգացման առաջընթացը։
Միրզոյանն ընդգծել է լայնածավալ պատերազմի, Հայաստանի նկատմամբ ագրեսիաների և Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչության բռնի տեղահանման հետևանքները որպես Հայաստանի զարգացման նկրտումների վրա ազդող գործոն։
Հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի Հանրապետության գլխավոր առաջնահերթություններից է, և մենք ջանք չենք խնայում մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար։
Նախարարը անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգին՝ որպես խաղաղության օրակարգի կարևոր մաս և նշել, որ ապավինում ենք միջազգային գործընկերների աջակցությանը։
Շուշան Ասրյան