
Նախորդ տարվա համեմատ գրանցված աշխատողների թիվն աճել է, բայց տարեվերջի համեմատ՝ նվազել
Հայաստանում գրանցված աշխատատեղերի թիվը 2025 թվականի մարտին հասել է 782․100-ի։ Այս մասին հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ մայիսի 1-ին, Աշխատանքի և աշխատավորների համերաշխության օրվա առթիվ արված հրապարակմամբ։
Նախարարի տվյալներով՝ գրանցված աշխատատեղերի քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 40 490-ով։ Նա նաև նշել է, որ գնաճով ճշգրտված՝ այսինքն իրական աշխատավարձը, 2024-ի մարտի համեմատ աճել է 4.1 տոկոսով։
Չնայած այն բանին, որ նախորդ տարվա մարտ ամսվա համեմատ գրանցված աշխատողների թիվը մեծացել է, սակայն տարեվերջի համեմատ (սեպտեմբերից-դեկտեմբեր)՝ գրանցված աշխատողների թիվը նվազել է։ Դեկտեմբերին Հայաստանում եղել է 783․906 գրանցված աշխատող։
Երևանում աշխատում են գրանցված աշխատողների շուրջ 70 տոկոսը (546․070)։ Երևանից հետո ամենաշատ գրանցված աշխատողները Կոտայքի մարզից են (43.512), ամենաքիչը՝ Վայոց Ձորի մարզում (7.727): Միջին ամսական աշխատավարձն էլ Հայաստանում գերազանցում է 300 հազար դրամը (307․046 դրամ)։