ԱշխարհՏեխնոլոգիա

Skype-ը հեռանում է. Microsoft-ը խորհուրդ է տալիս անցնել Teams հարթակին

Վերջին շրջանում Windows-ի օգտատերերը նկատել են հաղորդագրություն Skype հավելվածում, որտեղ նախազգուշացվում է, որ ծառայությունը շուտով կդադարեցվի։ 

Microsoft-ը հորդորում է օգտատերերին անցում կատարել իր նոր հարթակին՝ Teams-ին։

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ «որոշ ընկերներ արդեն անցել են Teams անվճար»: 

Skype-ը ստեղծվել է դեռևս 2003 թվականին որպես հաղորդագրությունների և վիդեոզանգերի հարթակ։ 2011-ին այն գնեց Microsoft-ը, ինչից հետո ընկերությունը սկսեց աստիճանաբար հրաժարվել իր մյուս հաղորդակցման գործիքներից՝ այդ թվում՝ Windows Live Messenger-ից։

2015-ին փորձ արվեց Skype-ը սերտորեն ինտեգրել Windows 10 օպերացիոն համակարգին, սակայն տեխնոլոգիական զարգացումներն ու համատեղ աշխատանքի պահանջները բերեցին նոր լուծման՝ Microsoft Teams-ի ստեղծմանը 2017-ին։

Teams-ը, որն ի սկզբանե հիմնված էր Skype-ի տեխնոլոգիայի վրա, մշակվել է որպես մրցակից Slack-ի և այլ համատեղ աշխատանքի գործիքների համար։

Այսօր Microsoft-ը համեմատաբար ավելի շատ ներդրումներ է կատարում Teams-ի զարգացմանը՝ այն դիտարկելով որպես հիմնական հաղորդակցման ու թիմային աշխատանքի հարթակ, ուստի Skype-ի դադարեցումը պարզապես ժամանակի հարց էր։

Սեդա Մարտոյան