ՀայաստանՄշակույթ

Կոմիտասի 155-ամյակին կբացվի «Փարիզյան հանդիպումներ» ցուցահանդեսը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Փարիզյան հանդիպումներ» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդեսը։

Ցուցահանդեսը կբացվի սեպտեմբերի 29-ին՝ Կոմիտաս Վարդապետի 155-ամյակի շրջանակում։ Այն նվիրված է հայ դաշնակահարուհի, երգչուհի, երաժշտագետ, մանկավարժ, Կոմիտաս վարդապետի մտերիմ բարեկամ Մարգարիտ Բաբայանի ծննդյան 150-ամյակին։

Ցուցադրության շրջանակում կներկայացվեն շուրջ 150 արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ, Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանից՝ վավերագրեր և լուսանկարներ, Հայաստանի ազգային պատկերասրահից՝ կտավներ, ինչպես նաև Կոմիտասի թանգարան-ինստիտուտից՝ Լալուա ընտանիքի արխիվի փաստաթղթեր։

Ցուցադրության տարբեր բաժիններ նվիրված կլինեն Մարգարիտ Բաբայանի գործունեության տարբեր ոլորտներին՝ ներկայացնելով Մարգարիտ Բաբայանի և Կոմիտաս վարդապետի մտերմությունը նամակագրության միջոցով։

Մարգարիտ Բաբայանը 1895 թվականին ծանոթացել է Կոմիտասի հետ, 1906 և 1914 թվականներին Փարիզում մասնակցել է նրա համերգներին, աջակցել է կոմիտասյան խնամատար հանձնաժողովին, հավաքել է Կոմիտասի ձեռագրերը, հրատարակել որոշ գործեր, նրա մասին գրել հոդվածաշար։

Շուշան Ասրյան