Երևանում շինարարական աշխատանքների հետևանքով ծառեր են վնասվել
Երևանի Աջափնյակ վարչական շրջանում շինարարական աշխատանքների հետևանքով ծառերի վնասման դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Տեսչական մարմինը իրականացրել է բուսական աշխարհին պատճառված վնասի գնահատում, որի արդյունքում հաշվարկվել է 470,000 դրամի չափով վնաս։
Մասնավորապես, պարզվել է, որ Ֆուչիկի 25/2 հասցեում «ՀԻԴՐՈ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ն նորակառույց շենքի կոյուղու անցկացման ընթացքում վնասել է «Թեղի» տեսակի չորս ծառի արմատային համակարգը։ Այս վնասման հետևանքով ծառերից մեկը արդեն տապալվել է, իսկ մյուս երեքը ենթարկվում են չորացման կամ տապալման վտանգի։
Վարչական վարույթի շրջանակում առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։
