ՀայաստանՄշակույթ

Երևանի Կարմիր կամուրջը վերականգնվում է. աշխատանքներն ավարտական փուլում են

Երևանի պատմական Կարմիր կամուրջի վերականգնման աշխատանքները մոտենում են ավարտին։ Այս օրերին շարունակվում են պարապետների և սալահատակի նորոգման ու վերականգնման աշխատանքները։ Մինչ այս արդեն ավարտվել են մեծ թռիչք ունեցող կամարների, թաղերի, հյուսիսային և հարավային պատնեշների, ինչպես նաև կամրջախելերի վերականգնումը։ Այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Վերականգնումը իրականացվում է բարերարի աջակցությամբ՝ համաձայն մշակված նախագծի, որի նպատակը հուշարձանի պատմական տեսքի պահպանումն է։ Այս նպատակով օգտագործվել է կարմիր տուֆ, որը բերվել է Արարատյան դաշտից, ինչպես նաև աղյուսներ՝ արտադրված Իրանի հին մեթոդներով։ Քննարկվում է նաև հնարավոր սենյակի առկայության ստուգումը կամրջի հարավային հատվածում՝ հետախուզական բացվածքների միջոցով։

Վերականգնման աշխատանքների ավարտը նախատեսվում է 2025 թվականին։

Կարմիր կամրջի տեղում նախկինում եղել է ավելի վաղ կառուցված կամուրջ, որը ավերվել է 1679 թվականին տեղի ունեցած Երևանի երկրաշարժի հետևանքով։ Ըստ պնդումների՝ այն կառուցվել է 12-րդ դարում։ Եղել է Երևանի հին կամուրջներից մեկը։ 1679 թվականին ավերված կամուրջը վերականգնվել է, որը, կառուցված լինելով կարմիր տուֆից, կոչվել է Կարմիր կամուրջ։

Տարբեր ժամանակներում կամուրջը վերակառուցվել և վերանորոգվել է։ Հայտնի է, որ 17-րդ դարում այն վերականգնել է քանաքեռցի հայ առևտրական Խոջա Փլավն իր միջոցներով և Պարսից շահի հանձնարարականով։ Այդ է պատճառը, որ երբեմն կամուրջն անվանում են Փիլավի կամուրջ։ Կամրջի վերանորոգումներ են եղել նաև 1830, 1850 թվականներին և դրանից հետո։

Կամուրջը միակն է եղել Հին Երևանում, որը կապել է Երևանի բերդը Էջմիածնին, Ապարանին, Թալինին և հեռավոր այլ բնակավայրերի հետ: