Սևանա լճում առկա մշակութային շերտը կպաշտպանվի միջազգային մակարդակով

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2001 թվականի կոնվենցիային միանալու նախագծին։

Որոշման հիմնավորման համաձայն՝ Հայաստանում, մասնավորապես Սևանա լճում և այլ ջրային ավազաններում, առկա են մշակութային շերտեր, որոնց պահպանությունը կարևոր է։

Կառավարությունը նշում է, որ ստորջրյա մշակութային ժառանգությունը մարդկության ընդհանուր պատմության և մշակույթի կարևոր բաղադրիչ է։

Նշվում է, որ նման ժառանգությունը ներառում է առնվազն 100 տարի ջրի տակ գտնվող պատմական, մշակութային և հնագիտական արժեքները։ Միաժամանակ ընդգծվում է, որ դրանք գտնվում են սպառնալիքի տակ տարբեր գործողությունների հետևանքով, ինչի պատճառով անհրաժեշտ է ապահովել դրանց պահպանությունն ու ուսումնասիրությունը։

Կառավարության գնահատմամբ՝ կոնվենցիային միանալը հնարավորություն կտա զարգացնել միջազգային համագործակցությունը, ինչպես նաև ուժեղացնել հետազոտական և պահպանական աշխատանքները այս ոլորտում։

Օրենքի նախագիծը ներկայացվել է Ազգային ժողով՝ քննարկման։