ՀայաստանՍոցիալական

Մեկ միասնական ընթացակարգ՝ ուսումնական հաստատությունների ղեկավարների հավաստագրման համար

Մայիսի 7-ին Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվեց ուսումնական հաստատությունների ղեկավարների հավաստագրման նոր ընթացակարգի մասին։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանդես էր եկել նախաձեռնությամբ, որով առաջարկվում է ներդնել միասնական ընթացակարգ՝ նախադպրոցական, հանրակրթական և մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարների հավաստագրման համար։

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը մանրամասնեց, որ առաջարկվող փոփոխությունը հնարավորություն կտա վերջին 10 տարիներին առնվազն 5 տարվա կառավարման փորձ ունեցող անձանց մասնակցել դպրոցի տնօրենի հավաստագրման գործընթացին, որը մինչ այժմ հնարավոր չէր:

Ներկայումս գործող կարգավորումների համաձայն՝ հանրակրթական դպրոցների տնօրենները պետք է անցնեն 5-ամյա պարբերականությամբ վերապատրաստում և թեստավորում՝ համապատասխան հավաստագիր ստանալու համար, մինչդեռ նախադպրոցական և մասնագիտական հաստատությունների ղեկավարների համար կիրառվում են այլ մոտեցումներ։ Նախագծով առաջարկվում է ստեղծել մեկ միասնական համակարգ՝ ապահովելու համար հավասար և արդար պայմաններ կրթական կառույցների բոլոր ղեկավարների համար։

Ըստ նախաձեռնության հեղինակների, այս փոփոխությունը միտված է կառավարման որակի բարձրացմանը, ոլորտային քաղաքականության միասնականեցմանը և իրավական հստակության ապահովմանը։ Նախատեսվում է մշակել ընդհանուր հարցաշար՝ ոլորտային տարբերություններ հաշվի առնելով, ինչպես նաև հստակեցնել հավաստագրման նպատակները, դրա գործողության ժամկետը և կասեցման հիմքերը։

Սեդա Մարտոյան