ՀայաստանՍոցիալական

Սոցիալական ծախսը կփոխհատուցվի, եթե վճարը կատարել է այլ անձ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է՝ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարված սոցիալական ծախսերը կփոխհատուցվեն, նույնիսկ եթե վճարումը կատարվել է այլ անձի կողմից, սակայն հայտարարատուի միջոցներով։

Սակայն, 2025 թվականի հունիսի 1-ից հետո փոխհատուցում կտրամադրվի միայն այն դեպքում, երբ սոցիալական ծախսը կատարվել է անձամբ հայտարարատու քաղաքացու կողմից։

ՊԵԿ-ն ընդգծում է, որ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները կարող են հաշվարկային փաստաթղթեր դուրս գրել համայնքի անունից՝ կրթական ծառայությունների մատուցման դեպքում, եթե դրանք տրամադրվել են համայնքների պատվերով։

Նոր կարգավորումներ են մտցվել նաև առողջության ապահովագրական ծախսերի փոխհատուցման հարցում։ Եթե ապահովագրական պայմանագրով որպես ապահովադիր հանդես է եկել գործատուն, ապա աշխատողը կարող է օգտվել փոխհատուցումից՝ ապահովագրավճարի դիմաց գործատուին վերադարձրած գումարի սահմաններում։

Բացառություն է սահմանվում պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն ցուցաբերող կազմակերպությունների աշխատողների համար։ Նրանք փոխհատուցում կարող են ստանալ միայն իրենց ընտանիքի այն անդամների ապահովագրական ծախսերի դիմաց, որոնք սոցիալական փաթեթի շահառու չեն համարվում։ Միևնույն ժամանակ, ատամնաբուժական ծառայությունների ծախսերը փոխհատուցելի են նաև այդ աշխատողների համար։

Հիշեցնենք, որ վարձու աշխատողներն ու քաղաքացիաիրավական պայմանագրով եկամուտ ստացած անձինք պարտավոր էին տարեկան հայտարարագիր ներկայացնել մինչև նոյեմբերի 1-ը։ Սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույն չափը կազմում է տարեկան 100 հազար դրամ։

Փոխհատուցվող ծախսերը ներառում են առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերումն ու ՀՀ-ում գործող կրթական հաստատություններին կատարված ուսման վճարները։